?

Log in

No account? Create an account

բհա

Apr. 23rd, 2013

Էս տարածքում կենդանի մարդ կա՞, թե՞ սաղովի տեղափոխվել ենք ֆեյսբուք: :-Ճ

Ես կրկին անցել եմ նոթատետրային ռեժիմի, հիմնականում էդ պատճառով ա, որ ստեղերանք չեմ երևում:
Բյուր, Լիլ, ստե՞ղ եք:

Ավագանու գալիք ընտրությունների հետ կապված խոսակցությունները լցվում են արդեն շենքերի շքամուտքները, ուզում եմ գլուխս առնեմ փախնեմ, զզվելին էն խոսքը չի: Օրը գա, խեղճ կեղծարարների վրա եմ ագրեսիաս պարպելու:

Ահ, ոնց-որ հոգեբանի մոտ եկած լինեմ, բան գրել չի ստացվում:
Պատմեք տեսնեմ՝ ձեզ մոտ հեչ ինչ կա:
Տպագրատան դիզայները, որը, նախատեսված ա, որ պիտի զբաղվի դիզայնով, նախ հարցնում ա՝ էս ինչ ա գրված, ինչի ա սենց գրված, հետո սեփական ավելացումներն ու փոփոխություններն ա առաջարկում: Իրա բախտը բերել էր, որ ես առավոտյան հասցրել էի նախաճաշել (դրանից բարիանում եմ):
6:30-7-ից նստած աշխատում եմ, պրինտերը կեսից գժվում ա, դուրս գալուց առաջ հիշում եմ, որ կարևոր նյութը դիսկի վրա չեմ գրել, հասնում եմ տեղ, տեսնում, որ թղթերը կիսատ են, սպասում եմ, բերում տալիս են, սարսափելի նեռվային մտնում տպագրատուն, դիզայների սենյակ մտնելուց առաջ կուլ եմ տալիս նեռվայնությունս, քնքուշ ու մեղմիկ ձայնով բարևում, ժպտում ամոթխած, հույս ունենում, որ հեսա սաղ թարսությունները կանցնեն: Իսկ նա ինձ ուղղում ա, պարոնայք երդվյալ ատենակալներ: Բայց փորձեց ու փոշմանեց, որտև վախեցավ պայթած մազանոթներով կատաղած աչքերիցս:

Բոքսի տանձիկ ա ինձ պետք:




1988թ.-ի երկրաշարժը փշրեց Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարը՝ առիթ ստեղծելով, որ այսօր հայ և իտալացի ռեստավրատորները ամիսներ շարունակ վերականգնեն նկարչի` բեկորների բաժանված գործը:
«Ռեստավրացիայի ծրագիրը, կարելի է ասել, միջպետական համաձայնություն է, պայմանագիր` կնվքած Իտալիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների միջև,- նշեց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի տնօրեն Արման Ավետիսյանը:-Ռեստավրացիոն աշխատանքները կտևեն մոտ մեկ տարի, ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել իտալական կողմը»:Ծրագրին աջակցելու նպատակով Իտալիայից իր օգնականների հետ Հայաստան է ժամանել Ֆլորենցիայի արվեստի և ռեստավրացիայի ինստիտուտի դասախոս,  իտալացի հայտնի ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոբինին:
Շարունակությունն՝ այստեղ:

Jul. 7th, 2012

Առաջին մեր երկար կանգառը Կարս քաղաքում էր, որ տեսնեինք Չարենցի հավանական տունը, Վարդանի կամուրջը, «չուգունե կամուրջը», բերդն ու Առաքելոցը: Կեղտոտ ու կիսախարխուլ քաղաքում պահպանվել էին մի քանի սիրուն սև շենքեր ռուսական նեոկլասիցիզմից՝ հին Կարսի ուրվականներ: Հիմա քաղաքում քրդեր են ապրում, ու Կարսն ամենաիսկական քրդական քաղաք ա:
Ճաշեցինք նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուի եղբոր հյուրանոցում: Էն Ալիբեյօղլուն, որ ուզում էր Կարսում հայ-թուրքական բարեկամության հուշարձան կանգնեցնել, որն էլ դեռ անավարտ վիճակում ապամոնտաժվեց, որովհետև Դավութօղլուն ասել էր՝ «գեղեցիկ չէ» :)
Կեղտոտ ու տխուր քաղաք էր Կարսը:
Մի քիչ առաջ եմ տուն մտել. Արևելյան Անատոլիա էինք գնացել, էն որ ասում են՝ Արևմտյան Հայաստան: Արդահան, Կարս, Աղրի, Վան նահանգները: Էլ չեմ ուզում գնալ, համենայնդեպս՝ հայերի հետ: Մենք պահանջատեր ենք, մենք հազար ու մի գրող ու սև ցավ ենք, մենք թուրք ու քուրդ ենք քրֆում, գնում ենք ու Անիի որմնանկարների վրա մոմ վառում, որ նույն թուրքն ու քուրդը մեզ նկատողություն անեն, որ նման բան անել չի կարելի: Մենք հոգու խորքում թքած ունենք Անիի վրա էլ, հայրենիք-մայրենիքի վրա էլ, մեզ ուղղակի մի տեղ մեր ագրեսիան պարպել ա պետք: Մենք մեր ռուզնա-դհոլը զլում ենք իրենց երկրում, մոլլայի կանչին գրող ու յախք ասում, բայց վա~յ էն թուրքին, որ մեր տարածքում ծպտուն կհանի:

Սիրուն էր Անին, Վանա ծովն՝ էլ չասեմ, Կարսն ու Բայազեթը՝ քրդական թրքոտ քաղաքներ, հյուրանոցները լավն են, սպասարկումը՝ հրաշալի, ոստիկանները՝ պուպուշիկներ, քուրդ լակոտ-լուկուտները՝ անդուր ժողովուրդ:

Հետաքրքիր ա թուրքերի քաղաքականությունը. իրենք ուղղակի անտեսում են հայերին, մենակ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կնշեն Հայաստան կամ հայ բառերը. անտեղյակ մարդը, կարդալով Անիի ցուցանակները, էդպես էլ չի իմանա, թե էդ ինչ անհայտ Bagrad-ներ էին, որ էս տարածքում պարզապես պարիսպներ են կանգնեցրել, իսկ պարիսպների վրայի մեծ առյուծն, ըստ իրենց, խորհրդանշում ա Ալփ Արսլանին, թեև առյուծը Բագրատունիների զինանշանն ա: Ազնիվ լինելու համար պիտի նշեմ, որ պատմության մի կեղծարարներ էլ մենք ենք:

շարունակելի:))
Ես անցա մրցույթը, պարոնայք երդվյալ ատենակալներ: Իսկ բանն ինչն ա:)
Միլանի պոլիտեխնիկական համալսարանը ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թվականին ստորագրած «Աջակցություն հայկական հաստատություններին՝ տեղական մշակութային ժառանգության պահպանման եւ ամրակայման համար» տեխնիկական պայմանագրի շրջանակներում անց ա կացնում որմնանկարների վերականգնման դասընթացներ: Ես էլ վերջնաժամկետից երկու օր ուշացած ու շատ ցրված, ափալ-թափալ դիմում ուղարկեցի՝ առանց մի կաթիլ հույս ունենալու, թե կանցնեմ: Էսօր էլ կանչել էին մրցույթի: Ու որքան մեծ էր իմ սարսափը, երբ մրցույթի 24 մասնակիցներով, որոնցից միայն ես նկարիչ չէի, մտանք սենյակ, որտեղ անց էր կացվելու առաջին փուլը. սեղանին դրված էին մաքուր թղթեր և որմնանկարի սև-սպիտակ իլյուստրացիաներ. պետք էր նկարել! Առաջին փուլը որմնանկար կրկնօրինակելն էր: Առաջին տասը րոպեներին մատիտը պտտացնում էի ձեռքումս ու մտածում՝ որն ա ավելի լավ՝ պատվով մատիտը դնել սեղանին ու դուրս գալ, թե նկարել ու ամոթից գետինը մտնել սենյակում գտնվող նկարիչների քմծիծաղից: Բայց քանի որ ես բավական համարձակություն չունեմ սովորաբար, մնացի նստած տեղումս, ու քանի որ երկու ժամ պարապ նստելն էշություն կլիներ, սկսեցի նկարել: Եվ, աղջիկներ, վատ չստացվեց. երեք-չորս ամիս գծանկար պարապելս անարդյունք չէր: Եվ, առհասարակ, ես ամենավերջին անտաղանդներից չեմ:) Ապա ամեն մեկս մեր նկարած Քրիստոս Պանտոկրատորով մտնում էինք հանձնաժողովի մոտ:
Ինձ հարցրին, թե ինչու եմ ուզում զբաղվել ռեստավրացիայով, և արդյոք պատկերացնում եմ, թե ինչ ծանր բան եմ ընտրել: Բուն թեմայի հետ կապված միայն այդ երկու հարցերն էին, իսկ մնացած հինգ րոպեն խոսում էինք իմ սելջուկներից:))
Ետևիցս դուրս եկավ հանձնաժողովի անդամներից մեկը, և ասաց, որ ուզում ա հետս կապվել: Հարցրեց, թե արդյոք էդ շրջաններում հանդիպել եմ որմնանկարների օրինակների և այլն: Աղջիկներից մեկի հետ կանգնած էի, մոտեցավ, թե բա՝ դու նշանվա՞ծ ես: Հը՞... չէ... - Բայց որ նշանվես, կշարունակես զբաղվել սրանով, չէ՞: - Աաա~, հա, իհարկե:))
Հետո հայտարարեցին մեր անունները~:))) Ինչ երջանիկ պահ էր:) Ու եղավ մեր առաջին դասը. իտալուհի Աննա Լուկինին ներկայացնում էր Միլանում իրենց արած աշխատանքը Դուոմո դի Մոնցայի Թեոդոլինդայի կապելայում: Մանրամասն ներկայացրեց, թե որմնանկարի ռեստավրացիայի ժամանակ որ գործողությունը որին ա հետևում, և այլն:
Վաղը գնում ենք Լոռի՝ Քոբայր ու Ախթալա՝ բլոկնոտներով ու մատիտներով, չգիտեմ՝ ինչ ենք անելու կոնկրետ:

Ախ, ես երջանիկ եմ:)

Jun. 11th, 2012

Երեկվա երթուղին՝ Երևան- Սևան-Ճամբարակ-Թթուջուր- Նավուր-Բերդ-Այգեպար- Տավուշ-Նոր Վարագավանք- Պառավաքար-Վազաշեն-Աչաջուր- Մակարավանք-Իջևան- Դիլիջան-Սևան-Երևան:

Պատմելու կես կաթիլ հավես էլ չունեմ: Նոր Վարագավանքի ու Մակարավանքի մասին կարելի էր երկար գրել. դա, իհարկե, հավեսի առկայության դեպքում:



Բուն Այգեպար չմտած ձկնորսներ կային, ասացին՝ հա դե կրակում են էլի: Ափին էլ՝ ծառի տակ, տեղացիք քեֆ էին անում, մինչ մենք մայրաքաղաքում նստած պատերազմից ենք խոսում:



Ավելի շատ նկարներ՝ Զորիկի մոտ:)
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ճարտարապետ Օշին Եղիազարյանցը, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն ու արվեստաբան Պողոս Հայթայանը ներկայացրին իրենց անհատական հավաքածուները, ավելի ճիշտ՝ ընտրյալ գործեր նշված հավաքածուներից. կային Վազգեն ու Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյաններ, Եղիշե Թադևոսյան, Շահին, Վրույր Գալստյան ու Վաղարշակ Էլիբեկյան, Շաբանյան ու Շիշմանյան, Մարտին Պետրոսյան ու Ջոտտո, նույնիսկ մի աշխատանք Հակոբ Հովնաթանյանից: Հետաքրքիր խոսեց արվեստաբան Լիլիթ Սարգսյանը՝ արդի ժամանակներում մասնավորի ու հանրայինի հակասությունների մասին: Հիմնականում խոսքը գնում էր մասնավոր հավաքածուները հանրային սեփականություն դարձնելու կարևորության մասին: Կենտրոնը շատ կարևոր քայլ ա այսպիսով արել՝ սկսելով իր մոտ ցուցադրել անհատ կոլեկցիոներների հավաքածուները, որովհետև անսահման քանակությամբ գեղարվեստական բարձրարժեք աշխատանքներ գտնվում են հենց մասնավոր հավաքածուներում:
Էլիբեկյանը պատմեց, թե ինչպես ա սկսել հավաքորդությամբ զբաղվել. պատանի, ուսանողական տարիներին Ռուդոլֆ Խաչատրյանն իրեն տարել ա Քոչարի արվեստանոց, որն էլ իրեն նվիրել ա իր հավաքածուի առաջին գործը: Երջանկությանը նմանող զգացում էր լսել էդ ժպտացող դեմքով մարդուն, ով շփվել ա Ռուդոլֆի ու Քոչարի հետ: Օշին Եղիազարյանցը մի քանի սուր խոսք ասաց, որ գինով ողողված գլուխս հիմա չի հիշում, բայց իրեն շատ սիրեցի:))
Սա Գաֆէսճեան կենտրոնի գովազդը չէր, թեև իրենք արժանի են:))
Հա, ես ուզում եմ խոսել այդ մասին: